
Կազմակերպությունների մասնաճյուղերի, ներակայացուցչությունների և հիմնարկների գրանցում
Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս շատ կազմակերպություններ կարող են բախվել գործունեության տարածքի լայնացման անհրաժեշտությանը, որի հետևանքով նրանք գրանցում են իրենց կազմակերպությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը չի հանդիսանում անկախ իրավաբանական անձ, այլ հանդես է գալիս որպես առանձնացված ստորաբաժանում, որը տեղակայված ե իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս: Ներկայացուցչությունն իրականացնում է իրավաբանական անձի շահերի ներկայացման և պաշտպանության գործառույթները, իսկ մասնաճյուղն՝ իրավաբանական անձի բոլոր գործառույթները կամ դրանց որևէ մասը, այդ թվում` ներկայացուցչությունը: Իրավաբանական անձի հիմնարկ է համարվում ոչ առևտրային բնույթի գործունեություն իրականացնելու համար ստեղծած իրավաբանական անձի կազմակերպությունը, որը նույնպես չի հանդիսանում իրավաբանական անձ:
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերը
Եթե դուք ցանկանում եք իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ բացել, սկզբից պետք է ձևակերպել որոշ փաստաթղթեր, որոնք հետագայում պետք է ներկայացվեն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: Դրանք կազմվում և ներկայացվում են գործակալությանը ավանդական թղթային ձևով կամ էլեկտրոնային եղանակով՝ համացանցի միջոցով: Հանձնված դիմումն ուսումնասիրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում և այդ ժամկետը լրանալուց հետո իրականացվում է մասնաճյուղի, ներկայացուցչության կամ հիմնարկի գրանցումը, եթե ուսումնասիրության արդյունքում հաստատվի, որ բոլոր փաստաթղթերը կազմվել են ՀՀ օրենսդրության բոլոր պահանջների պահպանմամբ:
Եթե մենք խոսենք իրավաբանական անձանց մասնաճուղերի, ներկայացուցչությունների կամ հիմնարկների պետական գրանցման համար գործակալություն ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի մասին, պետք է նշել դրանցից հետևյալները՝
- տնօրենի, ստորաբաժանման ղեկավարի կամ լիազորված անձի կողմից ստորագրած դիմում, որը պարունակում է հիմնադիր իրավաբանական անձի գրանցման համարի և անվանման վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ստորաբաժանման ղեկավարի տվյալները (անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ և այլն).
- իրավաբանական անձի լիազոր մարմնի կողմից տրված՝ մասնաճյուղ, ներկայացուցչություն կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշում, ինչպես նաև ղեկավար նշանակելու մասին որոշում.
- լիազոր մարմնի կողմից ստորագրած՝ մասնաճյուղի, ներկայացուցչության կամ հիմնարկի կանոնադրություն.
- պետական տուրքի վճարման անդորրագիր:
Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների փոփոխությունների գրանցման համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- ստորաբաժանման (հիմնարկի) ղեկավարի կամ հիմնադրի լիազոր մարմնի կողմից ստորագրած դիմում.
- կատարվող փոփոխությունների մասին լիազոր մարմնի որոշում.
- կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը.
- պետական տուրքի վճարման անդորրագիր:
ՀՀ-ում օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ, ներկայացուցչություն և հիմնարկ բացելու համար ներկայացվող լրացուցիչ պահանջներ
Հայաստանում առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ բացելու մտադրություն ունեցող օտարերկրյա իրավաբանական անձինք պետք է հիշեն մի շարք առանձնահատկությունների առկայության մասին: Այդ առանձնահատկությունները կայանում են նրանում, որ բացի վերոհիշյալ փաստաթղթերից օտարերկրյա իրավաբանական անձը պետք է ներկայացնի՝ իր պետության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված քաղվածքը կամ իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող այլ հավասարազոր փաստաթուղթը, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձի կանոնադրության և այլ հիմնադիր փաստաթղթերի պատճենները: Այդ փաստաթղթերը պետք է նախապես անցնեն հյուպատոսական օրինականացման կամ ապոստիլավորման գործընթացները (կախված փաստաթղթի տրման երկրից), թարգմանվեն հայերեն լեզվով և վավերացվեն նոտարական կարգով:
Եթե օտարերկրյա իրավաբանական անձի կանոնադրությունը չի պարունակում որևէ տեղեկություններ առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու լիազորություններով օժտված մարմինների վերաբերյալ կամ ընդհանրապես չունի հիմնադիր փաստաթղթեր, ապա վերոնշյալ փաստաթղթերի փոխարեն պետք է ներկայացնել հիմնադիր փաստաթղթերի ցանկի վերաբերյալ տեղեկանք և տեղեկանք առ այն, որ առանձնացված ստորաբաժանում ստեղծելու մասին որոշում ընդունող մարմինը օժտված է նման լիազորություններով:
Եթե մասնաճյուղ, ներկայացուցչություն կամ հիմնարկ բացելու մտադրություն ոնեցող կազմակերպության հիմնադիրը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի, ապա բացի ցանկում նշված փաստաթղթերից նա պետք է տրամադրի իր անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր) պատճենը՝ հայերեն լեզվով թարգմանած և նոտարական կարգով վավերացրած:
Իրավաբանական անձանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների գրանցման գործընթացը բավականին բարդ է և պահանջում է որոշակի մասնագիտական և պրակտիկ գիտելիքներ: Եթե դուք ցանկանում եք գրանցել հայկական կամ օտարերկրյա կազմակերպության առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ, կարող եք դիմել մեզ իրավական աջակցություն ստանալու համար: Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակը երկար տարիների ընթացքում իր հաճախորդներին տրամադրում է նման ծառայություններ և կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերն օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղի, ներկայացուցչության կամ հիմնարկի արագ և խնդրազուրկ գրանցման համար: Բացի այդ, մեր փաստաբանական գրասենյակը կօգնի ձեզ առանձնացված ստորաբաժանման իրավաբանական հասցեի տրամադրման հարցում:
23.10.2015