Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը Հայաստանում
2016 թ-ի վերջին ՀՀ ազգային ժողովը լրացումներ է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում: Այդ փոփոխությունների շնորհիվ կորպորատիվ իրավունքում պաշտոնապես ներդրվել է իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման ինստիտուտը: Այս իրավական նորավեպը փոխառնվել է հաշվի առնելով դրա հաջող կիրառման փորձն Ավստրիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Լատվիայի իրավական համակարգերում: Այս իրավական ինստիտուտը նոր հնարավորություններ է տալիս պոտենցիալ ներդրողներին՝ թույլատրելով նրանց հեշտությամբ փոխել ընկերության «քաղաքացիությունը»:
Ի՞նչ է իրենից ներկայացնում «ռեդոմիցիլացում» հասկացությունը: Այս հասկացության սահմանումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 59.1 հոդվածում, ըստ որի՝ իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը իրավաբանական անձի տեղափոխումն է մեկ իրավազորությունից մեկ այլ իրավազորության ներքո, որի հետևանքով փոխվում է իրավաբանական անձի անձնական օրենքը։ Ռեդոմիցիլացման հնարավորությունն առաջին հերթին վերաբերում է առևտրային կազմակերպություններին: Ոչ առևտրային կազմակերպությունները, բացառությամբ քաղաքական կուսակցությունների, կրոնական և հասարակական կազմակերպությունների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համատիրությունների, նույնպես կարող են փոխել իրենց իրավազորությունը ռեդոմիցիլացման միջոցով: Օրենքով նախատեսվում է, որ ռեդոմիցիլացումը չի կարող իրականացվել այն ընկերության կողմից, որը չի ընտրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կազմակերպական-իրավական ձև, կամ որի առկա կազմակերպաիրավական ձևը հնարավոր չէ փոխել նրանց ընտրած կազմակերպական-իրավական ձևով։ Դրանից հետևում է, որ ոչ բոլոր ընկերություններն են կարող տեղափոխվել ՀՀ իրավազորության ներքո: Գրանցման երկիրը փոխելու ցանկություն ունեցող ընկերության ղեկավարությունը պետք է ուշադրությամբ ծանոթանա այն հնարավորություններին, որոնք նախատեսված են հայաստանյան օրենսդրությամբ:
Բացի վերը թվարկված սահմանափակումներից, օրենքով սահմանվել է, որ ռեդոմիցիլացման մասին դրույթները չեն տարածվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող և վերահսկվող կազմակերպությունների վրա:
ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է ռեդոմիցիլացման երկու տեսակ՝
- Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ ընկերության տեղափոխումը ՀՀ իրավազորության ներքո
- ՀՀ գրանցված իրավաբանական անձի ռեդոմիցիլացունը, այսինքն՝ ՀՀ-ում գրանցված ընկերությունը այլ պետության իրավազորության ներքո տեղափոխելը
Այս հոդվածում մենք ուսումնասիրելու ենք Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ընկերության ռեդոմիցիլացման իրավական կարգավորումը:
Սկզբից նշենք, որ ընկերության ռեդոմիցիլացումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ դրա հնարավորությունն արգելված չէ իր կանոնադրությամբ: Ռեդոմիցիլացման առաջին փուլն ընթանում է ընկերության անձնական օրենքով սահմանված կարգով: Ենթադրենք՝ Կիպրոսում գրանցված ընկերության կառավարման մարմնի կողմից ընդունվել է ընկերության գրանցման երկիրը Հայաստան տեղափոխելու մասին որոշում: Այս դեպքում ռեդոմիցիլացման ընթացակարգը սկսվում է Կիպրոսում և բոլոր գործողությունները պետք է համապատասխանեն այդ պետության օրենսդրությանը: Արդյունքում Կիպրոսում իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմինն ընդունոմ է ընկերության ռեդոմիցիլացման մասին որոշում: Նշված որոշումը պարտադիր նախապայման է փաստաթղթերի փաթեթը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը ներկայացնելու համար:
Օտարերկրյա իրավաբանական անձը կարող է ռեդոմիցիլացվել Հայաստանում օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող կանոնադրություն ունենալու և օտար երկրում որպես տվյալ երկրի իրավաբանական անձ գրանցումը դադարեցնելու կամ ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկությունները գրանցելու արդյունքում։
Սույն ինստիտուտի հիմնական առավելությունն այն է, որ գրանցման երկրի փոփոխության արդյունքում պահպանվում են ՀՀ-ում նոր գրանցված ընկերության (կազմակերպության) բոլոր իրավունքները և պարտականությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հայաստանում ռեդոմիցիլացման գործընթացը սկսվում է նախնական դիմումը բոլոր անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի հետ միասին գրանցումն իրականացնող մարմնին ներկայացնելուց հետո: Դիմումի մեջ պետք է նշել ընկերության ընտրած կազմակերպա-իրավական ձևը: Եթե դիմումը գործակալությանը ներկայացնելուց հետո չեն հայտնաբերվում ռեդոմիցիլացումը բացառող որևիցե հանգամանքներ, պետական ռեգիստրն իրականացնում է իրավաբանական անձի նախնական գրանցումը, որի վերաբերյալ դիմումատուին տրամադրվում է համապատասխան քաղվածք գրանցամատյանից:
Նախնական գրանցման ժամանակ կամ դրա իրականացումից հետո լիազոր մարմինը տրամադրում է ռեդոմիցիլացվող իրավաբանական անձին շարունակականության նախնական փաստաթուղթ: Դրանից հետո իրավաբանական անձը պետք է ներկայացնի գործակալությանն օտարերկրյա պետությունում որպես տվյալ երկրի իրավաբանական անձի գրանցումը դադարելու կամ ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկությունները գրանցելու վերաբերյալ փաստաթղութը: Այդ փաստաթուղթը պետք է վավերացնել փաստաթղթերի միջազգային վավերացման (հյուպատոսական վավերացում կամ ապոստիլ) պահանջների պահպանմամբ: Բացի այդ, անհրաժեշտ է կատարել այդ փաստաթղթի նոտարական կարգով վավերացված թարգմանությունը:
Նախորդ պարբերությունում նշված գործողությունները կատարելուց հետո ռեգիստրն իրականացնում է օտարերկրյա պետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման վերջնական գրանցումը և տրամադրում է դիմումատուին շարունակականության փաստաթուղթ:
Կարևոր նյուանս՝ ըստ ընդհանուր կանոնի՝ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա իրավաբանական անձը լիցենզիա ստանալու համար կարող է դիմել լիցենզավորող մարմիններին ռեդոմիցիլացման նախնական գրանցման պահից
Նախկինում արտերկրում գրանցված ընկերությունը ՀՀ իրավական դաշտ տեղափոխելու համար անհրաժեշտ էր լուծարել ընկերությունը, վաճառել դրա ակտիվները և գրանցել ՀՀ տարածքում նոր իրավաբանական անձ: Սակայն այս պահին կարգը զգալիորեն պարզեցվել է, որն էականորեն նվազեցնում է ժամանակի և նյութական միջոցների ծախսը:
18.01.2017