
ՍՊԸ բաժնեմասերի, բաժնետոմսերի և անհատ ձերնարկատիրոջ գույքի բաժանումը ամուսնալուծության ժամանակ
Ի՞նչն է ենթակա բաժանման ամուսնալուծության ժամանակ
Ամուսինների ընդհանուր գույքի բաժանման հետ մեկտեղ կարելի է խոսել բիզնեսի բաժանման հնարավորության մասին: Խոսելով բիզնեսի բաժանման մասին՝ պետք է հասկանալ, որ «բիզնես» հսակացությունը ներառում է իր մեջ ընկերությունում ունեցած ամուսնու բաժնետոմսերը կամ բաժնեմասը, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջը սեփականության իրավունքով պատկանող գույքը: Ակնհայտ է, որ քաղաքացու գործարար կապերն ու ծանոթությունները չեն կարող բաժանվել ամուսինների միջև: Բացի այդ՝ կարևոր իմանալ, որ ամուսնու պահանջները չեն կարող տարածվել ընկերության սեփականության վրա, քանի որ իրավաբանական անձն ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույք և պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար: Ամուսինն այս իրավիճակում կարող է հավակնել միայն անհատ ձեռնարկատիրոջ սեփական գույքը, բաժնետիրական ընկերության մասնակցի բաժնետոմսերը և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի բաժնեմասը բաժանելուն:
Բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը
Բաժնետիրական ընկերությունում մասնակցության փաստը հաստատվում է բաժնետոմսերով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով բաժնետոմսը համարվում է ամուսինների միջև բաժանման ենթակա գույք, սակայն պետք է հաշվի առնել, որ կան որոշակի առանձնահատկություններ կապված տարբեր տեսակի ընկերություններում մասնակցելու հետ: Բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխանցումը մեկ մասնակցից մյուսին կատարվում է դատարանի վճռի հիման վրա հավասար բաժիններով, եթե առկա չէ ամուսինների միջև կնքված գույքի բաժանման այլ պայմաններ նախատեսող պայմանագիր: Բաց բաժնետիրական ընկերությունն իր կառուցվածքով բարդ օրգանիզմ է և այս տեսակի ընկերության բաժնետոմսերի բաժանումն ունենալու է որոշ նյուանսներ: Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանման գործընթացը լինելու է անգամ ավելի բարդ:
Ազատ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման մասին դատարանի վճիռը ենթակա է պարտադիր կատարման ԲԲԸ-ի և դրա մասնակիցների կողմից: Այդ վճիռը ներկայացվում է ընկերության բաժնետերերի ռեեստրի վարումն իրականացնող ընկերությանը, ինչից հետո ամուսինը սեփականության իրավունք է ստանում նախկին ամունու մոտ ունեցած բաժնետոմսերի կեսի նկատմամբ:
Փակ բաժնետիրական ընկերության մասնակիցների ցանկում փոփոխություն կատարելը ավելի դժվար է, քանզի նոր բաժնետեր ընդունելու համար անհրաժեշտ է ստանալ ՓԲԸ-ի մնացած բաժնետերերի համաձայնությունը: Լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ բաժնետերերի առավելագույն թիվը սահմանափակված է ընկերության կանոնադրությամբ: Այն փաստը, որ ամուսինը միշտ չէ, որ կարող է ստանալ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը, չի նշանակում, որ նա զրկվում է իրեն հասանելիք գույքային բարիքները ստանալու իրավունքից: Նման իրավիճակներում դատարաններն ընտրում են կոմպրոմիսային տարբերակը՝ թողնելով բաղնետոմսերի ամբողջ փաթեթն ամուսնու սեփականության մեջ: Այս ժամանակ դատարանը պարտավորեցնում է նրան վճարել մյուս ամուսնուն դրամական փոխհատուցում՝ բաժնետոմսերի արժեքի կեսի չափով:
Նույն բանը կարող է ասվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի բաժանման ժամանակ: Այստեղ դատարանը կարող է ճանաչել ամուսնու իրավունքը բաժնեմասի կեսի նկատմամբ, սակայն այս կազմակերպաիրավական ձևը նույնպես կրում է փակ բնույթ, ինչի պատճառով ընկերության մասնակիցները կարող են ստեղծել տարբեր տեսակի խոչընդոտներ նոր մասնակից գրանցելու համար, ուստի դատարանը հավանաբար կնշանակի դրամական փոխհատուցում՝ բաժնեմասի արժեքի կեսի չափով:
Անհատ ձեռնարկատիրոջ գույքի բաժանում
Անհատ ձեռնարկատերն իր պարտավորությունների համար պատասխանատու է իր ամբողջ գույքով, ուստի ամուսնալուծության դեպքում ամուսինն իրավունք ունի հավակնելու անհատ ձեռնարկատեր ամուսնու ամբողջ գույքի կեսին:
Ամուսնական պայմանագիր
Նշենք, որ ամուսնության ընթացքում ձեռքբերած գույքի բաժանման վերը թվարկած տարբերակները կիրառելի են պայմանով, որ առկա չէ կողմերի միջև կնքած ամուսնական պայմանագիր: ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է, որ ամուսնական պայմանագիրը կարգավորում է միայն ամուսինների գույքային իրավահարաբերությունները, այսինքն՝ պայմանագրով այլ բնույթի հարցեր կարգավորելն արգելվում է: Համատեղ ընդհանուր սեփականության փոխարեն ամուսնական պայմանագրով կարող է սահմանվել ընդհանուր սեփականության բաժնային ռեժիմ՝ հիմք ընդունելով ամուսինների կողմից համաձայնեցված տոկոսային հարաբերակցությունը: Ամուսիններն իրավունք ունեն ընդհանրապես բացառել ընդհանուր սեփականության ռեժիմի գործողությունն իրենց հարաբերություններում՝ սահմանելով, որ յուրաքանչյուր ամուսին ձեռք է բերում միայն իր սեփական միջոցների հաշվին ձեռքբերած գույքը: Թեև այս պայմանագրատեսակը այդքան էլ հայտնի չէ մեր երկրում, պետք է փաստել, որ ներկայումս դա ամուսինների շահերի պաշտպանությունն իրականացնելու լավագույն տարբերակներից է:
Ամուսնալուծության ընթացքում առկա է ՍՊԸ-ի բաժնեմասի կամ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի անօրինական վաճառքի իրական վտանգ, որը արդյունքում կարող է անդրադառնալ դատավարության ձգձգումներով և լրացուցիչ ծախսերով: Ուստի խորհուրդ ենք տալիս աչալուրջ լինել, պատասխանատվությամբ վերաբերվել ձեր գույքային շահերի պաշտպանությանը և անպայման դիմել ընտանեկան և քաղաքացիական գործերով փաստաբանի օգնությանը:
17.05.2016