Իրավաբանական անձանց փոփոխությունների գրանցումը
Երբեմն գործող կազմակերպությունները տարբեր պատճառներով ստիպված են լինում որոշակի փոփոխություններ կատարել իրենց գործունեության ընթացքում: Նշված փոփոխությունների պատճառները տարբեր են՝ կազմակերպության մասնակիցներից մեկի մահը, գործադիր մարմնի տեղափոխումը (հասցեի փոփոխություն), մասնակցի բաժնեմասի վաճառքը, ընկերության անվանափոխումը, կանոնադրական կապիտալի չափի փոփոխությունը և այլն:
Իրավաբանական անձանց փոփոխությունները և նրանց ստեղծման գործընթացը ենթակա են պետական գրանցման իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: Այս հոդվածում մենք ուսումնասիրելու ենք իրավաբանական անձանց փոփոխությունների գրանցման յուրահատկությունները:
Ընդհանուր դրույթներ
Իրավաբանական անձանց փոփոխությունների գործընթացը կարգավորվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով: Օրենքի դրույթների համաձայն՝ փոփոխություններ կատարելու դիմում ներկայացվելու իրավունք ունեն տնօրենը, լիազորագրի հիման վրա գործող և նման փոփոխություններ կատարելու լիազորություններ ունեցող անձինք, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձինք:
Իրավաբանական անձանց փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաստաթղթերը կարող են ուղարկվել ինչպես գրավոր, այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ համացանցի միջոցով: Եթե բոլոր փաստաթղթերը կազմված են օրենքի պահանջների պահպանմամբ, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է գրառել այդ փոփոխությունները գրանցամատյանում:
Հարկ է նշել, որ պետական ռեգիստրը իրականացնում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների հաշվառումը, մինչդեռ կոոպերատիվների և փակ բաժնետիրական ընկերությունների մասնակիցները չեն գրանցվում գրանցամատյանում: ՓԲԸ-ների մասնակիցների հաշվառումը իրականացվում է այլ կարգով և այլ մարմնի կողմից:
Փոփոխությունները գրառելու համար պետք է գործակալություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում.
- լիազորված մարմնի կողմից կայացրած կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին որոշում.
- կանոնադրության փոփոխություններ, լրացումներ կամ կանոնադրության նոր խմբագրություն.
- պետական տուրքի վճարման անդորրագիր:
Միաժամանակ, ելնելով կատարվող փոփոխությունների էությունից, մենք կարող ենք նշել մի շարք այլ փաստաթղթեր, որոնք պետք է ներկայացվեն ընկերության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու համար: Ուսումնասիրենք ՀՀ առևտրային կազմակերպություններում փոփոխություններ կատարելու կարգը (ՍՊԸ և ՓԲԸ):
Գործադիր մարմնի փոփոխության դեպքում պետկ է նաև ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը՝
- նախորդ տնօրենի (գործադիր մարմնի) լիազորությունները դադարեցնելու մասին լիազորված մարմնի որոշում, ինչպես նաև նոր տնօրեն նշանակելու մասին որոշում.
- նոր նշանակված գործադիր մարմնի մասին տեղեկատվություններ:
Ընկերության մասնակցի բաժնեմասի օտարման հետ կապված փոփոխություններ
Բաժնեմասի փոխանցման պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել բաժնեմասի ձեռքբերման նախապատվության իրավունքի պահպանման մասին գործադիր մարմնի հաստատումը: Այս դեպքում դիմումի մեջ պետք է նշել ընկերության նոր մասնակիցների մասին տեղեկությունները և կից ներկայացնել ընկերության բաժնեմասը ձեռք բերելու հիմք հանդիսացող փաստաթուղթը: Եթե մասնակիցը դուրս է գալիս ընկերությունից և ներկայացնում է դիմումն անձամբ, ապա դրա հետ միասին պետք է ներկայացվի գրավոր հավաստում` ընկերությունից դուրս գալու մասին մասնակցի դիմումն ընկերության կողմից ստանալու վերաբերյալ, ինչպես նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը: Եթե դիմումը ներկայացվում է գործակալություն ընկերության գործադիր մարմնի կողմից, ապա դրան կից պետք է ներկայացվի ընկերությունից դուրս գալու մասին մասնակցի հայտարարության պատճենը:
Մասնակցի մահվան դեպքում նրա ժառանգը նույնպես իրավունք ունի դառնալ ընկերության մասնակից, եթե այլ բան նախատեսված չէ ՍՊԸ-ի կամ ՓԲԸ-ի կանոնադրությամբ: Այս դեպքում ժառանգը պետք է ներկայացնի ժառանգատուի բաժնեմասը ընդունելու մասին դիմումը, ժառանգության իրավունքի վկայագիրը, պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև բաժնեմասը ժառանգին փոխանցելու վերաբերյալ ընկերության բոլոր մասնակիցների համաձայնությունը, եթե նման պահանջը սահմանված է ընկերության կանոնադրությամբ:
Օտարերկրացիների կողմից կանոնադրական կապիտալում բաժնեմաս ձեռք բերելը
Առանձին ուշադրության է արժանի փոփոխությունների գրանցումն այն դեպքում, երբ ՀՀ ընկերության նոր մասնակից են դառնում օտարերկրյա իրավաբանական անձինք կամ օտարերկրյա քաղաքացիներ: Օտարերկրյա իրավաբանական անձը ներկայացնում է իր պետության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված քաղվածքն ու պետական գրանցման վկայականը, որոնք պետք է թարգմանվեն հայերեն լեզվով և հաստատվեն նոտարի կողմից: Ֆիզիկական անձի դեպքում անհրաժեշտ է գործակալություն ներկայացնել անձնագրի պատճենի հայերեն տարգմանությունը՝ նոտարական վավերացմամբ:
Կախված իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևից, փաստաթղթերին ներկայացվող պահանջները կարող են տարբերվել: Այս կապակցությամբ շատ կարևոր է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը տրամադրել ճիշտ կազմված փաստաթղթեր՝ հակառակ դեպքում իրավաբանական անձի փոփոխության դիմումը կարող է մերժվել: Դիմեք Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակ և մենք կանենք ամեն ինչ ձեր ընկերությունում փոփոխություններ կատարելու համար:
06.10.2015